ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող հայ ռազմիկներին

Հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող հայ ռազմիկներին
22.04.2016 | 00:08

Հայաստանում դեռ չէր մարել մեր ծանրամարտի ազգային հավաքականի եվրոպական հաղթահանդեսի առաջ բերած ոգևորությունը, երբ հպարտության նոր առիթ ունեցանք։ Ապրիլի 16-17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ պարի ամենամյա միջազգային օլիմպիադա-մրցույթ, որտեղ հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող «Էնջլս» և «Վիվատ» պարային ստուդիաների սաները, «Նոր դար» և «Էմբոլադա» պարային համույթները՝ ընդհանուր առմամբ նվաճելով 18 առաջին, 5 երկրորդ և 3 երրորդ մրցանակ: Ժյուրիի և հանդիսականների վրա բովանդակային և կատարողական առումով մեծ տպավորություն գործեց հատկապես «Էնջլս» ստուդիայի սաների ներկայացրած «Հույսի ծառ» պարային ներկայացումը՝ նվիրված հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին:
Մրցույթին մասնակցող եվրոպական և ասիական 12 երկրների տասնյակ պարային ստուդիաների ու համույթների շարքում Հայաստանի խմբերն առանձնացան ոչ միայն բարձրարվեստ կատարումներով, այլև անթերի կազմակերպվածությամբ ու հիրավի ազնվաբարո պահվածքով, ինչը չվրիպեց ժյուրիի անդամների փորձառու աչքից:


-Անշուշտ, լարված մրցապայքար էր,- ասում է «Էնջլս» ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գեորգի Զոհրաբյանը:- Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք բարձր պահել մեր երկրի պատիվը՝ արժանանալով թե՛ ժյուրիի, թե՛ հանդիսականների բարձր գնահատականին ու ջերմ համակրանքին, ինչն արտահայտվում էր նաև կուլիսային ոչ պաշտոնական շփումներում: Անլուրջ վիճակում էին հայտնվել հարևան Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք իրենց գերխնդիրը միայն Հայաստանի պարային խմբերից առաջ լինելն էին դարձրել: Սակայն բոլոր մրցակցային անվանակարգերում, որտեղ «խաչվում» էին մեր «պարային սրերը», նրանք այդպես էլ իրենց նպատակին չհասան: Այստեղ «անակնկալ» ևս եղավ. ադրբեջանցիները ազգագրական պարի մեկ համար կատարեցին հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության մեղեդու ներքո: Սադրանք էր, իհարկե, բայց այն կոտրվեց հենց իրենց գլխին. բանն այն է, որ մասնակիցները, մրցույթի կանոնակարգի համաձայն, ազգային պարեր կատարելիս պետք է օգտագործեին միայն իրենց ազգային երաժշտությունը: Հայկական պատվիրակությունն անարձագանք չթողեց դա։ Պատվիրակության ղեկավար, կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Մեսրոպյանի բողոքարկմամբ և պնդմամբ ադրբեջանական այդ պարային խումբը որակազրկվեց: Այստեղ էլ հաղթեցինք…


Հայաստանի պարային ստուդիաներն ու համույթները ևս իրենց հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող հայ ռազմիկներին, հայոց հողի պաշտպանության մարտերում ընկած հայորդիների հիշատակին:


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 13897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ